Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, և Եվրախորհրդարանը, նկատի ունենալով, որ 2015-ին լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, աճում է անդամ երկրների և ազգային խորհրդարանների թիվը, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, որ եվրոպական համախմբման շարժման գլխավոր խթաններից մեկը Եվրոպայում մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմների կրկնությունը կանխելու կամքն է, որ Թուրքիան և Հայաստանը, 2009-ին ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման Ցյուրիխի արձանագրությունը, ներքաշվել են դիվանագիտական կարգավորման գործընթացի մեջ, որ խիստ կարևոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որևէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության և հիշողության՝ հարգանքի տուրք մատուցեց Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական զորակցության և արդարության ոգուն համահունչ՝ միացավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ արեց Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակման արարողություններին: Եվրախորհրդարանը վերահաստատեց 1987-ին ընդունած բանաձևը, որտեղ ճանաչել էր ցեղասպանությունը, և հարգանքի տուրք մատուցեց մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունների և հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին: Առաջարկվեց սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր՝ վերհիշելու աշխարհի բոլոր մարդկանց և ազգությունների՝ խաղաղության և արժանապատվության իրավունքը:
Եվրոպացիները որպես ճիշտ ուղղությամբ կատարված քայլ՝ ողջունեցին Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որոնցով ցավակցություն էին հայտնում և ճանաչում օսմանյան հայերի դեմ վայրագությունները, 100-րդ տարելիցը խրախուսեցին հնարավորություն դարձնել արխիվները բացելու, անցյալին առերեսվելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու ուղղությամբ: Եվրոպացիները կարևորեցին Թուրքիայի պարտավորությունների կատարումը մշակութային ժառանգության պահպանման շրջանակում, բարեխիղճ վերաբերմունքը անցյալ դարում իր իրավասության շրջանակներում հայտնված և ավերված կամ վնասված բոլոր հայկական և այլ մշակութային ժառանգությունների նկատմամբ: Հավելեք՝ Հայաստանին և Թուրքիային ուղղված կոչը՝ օգտագործել եվրոպական ազգերի հաշտեցման հաջող օրինակները և կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որը առաջին պլանում է դնում ժողովուրդների համագործակցությունը, վստահում է, որ կնպաստի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմանը՝ ճշմարտության և հավատի ոգով, աջակցում է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին, որոնք աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև պարտավորեցրեց Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների՝ վավերացնելով և իրականացնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները՝ բացելով սահմանը և ակտիվորեն կարգավորելով հարաբերությունները՝ սահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման միջոցով:
Եվրոպական մտածողությանը տիպական բանաձև, որ մեկ ժամից ողջունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն անվանեց «1915 թվականի հարցում պատմությունը վերաշարադրելու մտադրություն» և ճշտեց, որ լուրջ չի ընդունում «պատմությունն ու իրավունքը սպանող այս փաստաթուղթն ընդունողներին»: «Եվրոպայի խորհրդարանի կողմից 1915-ի դեպքերի նկատմամբ ցուցաբերած այս ընտրողական և միակողմանի որոշումը, որը հակառակ է կառույցի հիմնադրման արժեքներին, վնասելու է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններին և հեռու է լինելու Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրներին լուծում բերելուց»,- հայտարարեց ԱԳՆ-ը: Ակներևաբար Անկարայում արդեն այնքան են հոգնել դիմակայությունից, որ նույնիսկ դադարել են կարդալ իրենց ուղղված փաստաթղթերը, որովհետև հանգիստ, ուշադիր ու զայրույթից ձերբազատված ընթերցանությունը, ընթերցանությունից հետո խմած մի բաժակ սառը ջուրը և մի հինգ րոպե մտածելուն հատկացված ժամանակը պիտի թելադրեին շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին: Խորին շնորհակալություն: Մինչդեռ տրվելով ոչթուրքական կացնային դիվանագիտական գայթակղություններին՝ եվրոպացիներին առաջարկվեց «նախքան 1915-ի խնդրով հետաքրքրվելը, առերեսվել սեփական պատմության, հատկապես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ամենասարսափելի ողբերգություններում ունեցած իրենց դերակատարության և պատասխանատվության հետ»: Գուցե նրանց ապակողմնորոշել էին պատգամավորների ելույթները, որ կարող են լինել և զայրացած, և պոռթկուն՝ հաշվի առնելով, թե այս օրերին ինչ բառապաշարով է խոսում թուրքական դիվանագիտությունն ու ինչ հրապարակումներ են հայտնվում սոցցանցերում: Բնական էր, որ իտալացի պատգամավորը Էրդողանին մաֆիոզ կարող էր անվանել, երբ Էրդողանը ամբողջ կառույցն է անվանարկում ու ի սկզբանե հայտարարում, որ նրանց բանաձևը ոչ մի նշանակություն չունի: Իրականում 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանի բանաձևը Էրդողանը պիտի ողջուներ և երախտագիտություն հայտներ, որովհետև Եվրախորհրդարանը ընդամենը վերահաստատեց, որ Օսմանյան կայսրությունում 1915-1917 թթ. հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն է և համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային և դատապարտում է դրա ժխտումը։ 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանն ընդամենը միացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին ու դա ընդամենը ուղերձ էր Թուրքիային առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։ ՈՒրիշ՝ ոչինչ: Էրդողանը իրականում պիտի խորապես հրճվեր ու հանգիստ շունչ քաշեր, որ 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը չպահանջեց, անգամ չակնարկեց փոխհատուցման մասին, ինչից Անկարան սարսափում է, ինչպես խաչից՝ սատանան: Մնացածը բառեր են, բառեր, բառեր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ ամեն ինչ կրկնվում է՝ Թուրքիայում սկսել են սպառնալ, որ կսպանեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հիշել են Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձ արած, «Գորշ գայլերի» ներկայացուցիչ Մեհմեդ Ալի Աղջային, ում պապը հետո ընդունեց ու ներում շնորհեց: Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ հիշեցրեց, որ Թուրքիայում ապրող հայաստանցիներին կարող էին արտաքսել, սակայն չեն արել։ Իսկ եթե համը հանեն տարատեսակ եվրոպացիներ, կարող են և անել՝ սա Էրդողանը չասաց, բայց Անկարան միշտ չէ, որ հրապարակում է իր ծրագրերը: